Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անվճար բուժսպասարկումը ահաբեկչական գործողության տարրեր է որդեգրել

Անվճար բուժսպասարկումը ահաբեկչական գործողության տարրեր է որդեգրել
31.07.2015 | 11:26

Հերթական անգամ հարկադրված եմ դավաճանելու մշակութային լրագրողի իմ կոչմանը և թաթախվելու մեր հասարակության կյանքը պղտորող աղտեղությունների մեջ. ի մասնավորի՝ անդրադառնալու սոցիալական փաթեթի շահառուների՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պերճանքին ու թշվառությանը:
Արդեն երրորդ տարին է, ինչ օգտվում եմ այդ փաթեթից՝ բարեբախտաբար չունենալով առողջական որևէ լուրջ խնդիր: Փոքրիկ, բայց ոչ արհամարհելի անհանգստություններ ունեմ՝ մասնագիտական աշխատանքի բերումով առաջացած տեսողական խնդիրների հետ կապված, որոնց հետազոտությունը, ախտորոշումը և կանխարգելումը ենթադրում են մի պարզ մեխանիզմ՝ բակտերիոլոգիական անալիզ, բժշկի խորհրդատվություն, համապատասխան դեղորայքի ընդունում՝ ըստ բժշկի կատարած նշանակումների: Թվում է, թե միանգամայն պարզ ու տրամաբանական ընթացք է, որը թե բժիշկներից, թե ինձնից պիտի խլի հաշված րոպեներ և չհարուցի որևէ բարդություն իմ ու նրանց աշխատանքում:
Նախորդ երկու տարիներին այդպես էլ եղել է. գրեթե չի առաջացել որևէ խոչընդոտ վերը նշածս մեխանիզմով իմ անվճար բուժսպասարկումն իրականացնելու հարցում՝ ոչ «Նաիրի», ոչ «Վարդանանց» բժշկական կենտրոններում: Այս տարի ևս ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով: «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում ակնաբույժ Հասմիկ Ներսիսյանը, տեղեկանալով իմ խնդիրների մասին, ասաց, որ պետք է հանձնեմ բակտերիոլոգական անալիզ և խորհուրդ տվեց դա անել 8-րդ հիվանդանոցում, որը սոցփաթեթի շահառուներին տրամադրվող «ՈՒղեցույցում» ներառված բուժհիմնարկություն է՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն անվանումով (տե՛ս ՈՒղեցույց, էջ 15):
Ես ներկայացա այդ հաստատություն՝ «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի իմ թերապևտի ուղեգրով, և սկսվեց քաշքշուկների մի ողջ շարան: Մեկը մեկից անհեթեթ պատճառաբանություններով մարդիկ ինձ համոզում էին, որ ես չունեմ սոցփաթեթից օգտվելու և անվճար բականալիզ անելու իրավունք: Մեկն առաջարկում էր մուծել ընդամենը երկու հազար դրամ և փակել հարցը, մյուսն առաջարկում էր հերթագրվել և սպասել մինչև կհասնի հերթս, երրորդը զանգահարում էր ինչ-որ վերադաս պաշտոնյայի և նրանից լսում հավաստիացումներ, որ իրենք իսկապես էլ չունեն ինձ անվճար սպասարկելու պատճառ: Այս հեռախոսազանգից հետո ես արդեն ստիպված եղա հայտարարելու, որ նրանց առջև թանգարանային ոլորտի համեստ ու անպաշտպան մարդ չէ կանգնած, այլ լրագող, որը պատրաստվում է հարցազրույց անելու որևէ իրավասու պաշտոնյայի հետ, որը կբացատրի, թե ինչու իրենց հիմնարկությունը չի սպասարկում սոցփաթեթի շահառուին անվճար: Ինձ ուղղորդեցին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տեղեկատվական հոսքերի ծրագրավորման բաժնի ղեկավար Մարտիրոսյան Ծովակի մոտ, որին ներկայացա իմ լրագրողական վկայականով, ասացի, որ մեր զրույցը ձայնագրվելու է՝ հրապարակում պատրաստելու նպատակով: Միացրի և սեղանին դրեցի ձայնագրիչս: Տիկինը սկսեց խոսել նախ հանգիստ, որովհետև վստահ էր, որ պիտի համոզի ինձ իր իրավացիության մեջ, ապա նյարդերը տեղի տվեցին, քանի որ ես հեշտ համոզվողներից չեմ:
«Քանաքեռ-Զեյթուն» կենտրոնում ինձ արված բոլոր առաջարկություններից ամենաանհեթեթը լսեցի հենց այդ տիկնոջից: Նա հայտարարեց, որ իրենց մոտ անվճար ամբուլատոր բժշկական օգնությունը շահառուների, զինծառայողների համար չի գործում և առաջարկեց ինձ երեք օրով պառկել իրենց հիվանդանոցում, որպեսզի իրենք «Դեմոդեքս» կոչվող հետազոտությունը կատարեն անվճար:
-Դուք երկու-երեք րոպե տևողությամբ պրոցեդուրան իրականացնել չեք բարեհաճում, բայց պատրաստ եք երեք օր ինձ անվճար մահճակա՞լ տրամադրելու Ձեր հիվանդանոցում,- հարցնում եմ ու մտածում՝ մենք այդքան շքեղ պետական բյուջե ունեցող երկի՞ր ենք, որ պրակտիկ առողջ մարդուն կտրենք իր աշխատանքային միջավայրից, պառկեցնենք հիվանդանոց՝ դրանից բխող բոլոր ծախսերով և հետևանքներով՝ ընդամենը ակնթարթների տևողությամբ բակտերիոլոգիական հետազոտություն անցնելու համար:
Իմ այս և այլ կարգի առարկություններն իհարկե գրգռեցին տիկնոջը, և նա սկսեց բղավել.
-Գրելով ինձ մի վախեցրեք:
-Ես չեմ վախեցնում, ընդամենը փորձում եմ պաշտպանել իմ և ինձ նմանների իրավունքները,- ասացի:
Իսկ առհասարակ, վախենում է նա, ով ունի վախենալու պատճառ: Օրինակ՝ ես չվախեցա և չեմ էլ վախենում իմ լրագրողական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ տիկնոջ հոխորտանքներից:
Չգիտեմ, թե ով և ինչ ձևակերպման մեջ է սխալվել, որտեղ և ով պիտի ուղղի այդ սխալը, որ ես կարողանամ նախորդ երկու տարիների նման ստանալ պատշաճ բուժսպասարկում սոցփաթեթի շրջանակներում, բայց որ ես այն կստանամ, չեմ էլ կասկածում: Ես հետևողականորեն պիտի հասնեմ իմ և ինձ նմանների իրավունքների պարտադրմանը ամբարտավան մարդկանց:
Եվ ցավալին այն է, որ սա եզակի դեպք չէ: Համանման պատմություններ` ինչքան ուզեք (հենց իմ անձնական փորձից կարող եմ բերել նաև այլ օրինակներ, սակայն մեկ հրապարակումը չի բավականացնի, որ սպառեմ ասելիքս): Որևէ արտոնությամբ անվճար բուժսպասարկման դիմողները իսկապես հանդիպում են ահաբեկչական գործողություն հիշեցնող գրոհի բուժհիմնարկության աշխատակիցների կողմից, որին դիմակայելը բավական բարդ է: Իրենց իրավունքներին անտեղյակ ու խեղճ մարդիկ կամ հրաժարվում են բուժսպասարկումից առհասարակ, կամ գերադասում վճարել իրենց մատուցվող ծառայությունների դիմաց: Ոմանք էլ վարվում են ինձ նման: Երկու դեպքում էլ մի բան հստակ է. անվճար բուժսպասարկումից օգտվելու իրավունք ունեցողներին սպառնում է նյարդաբանների, իսկ վատագույն դեպքում՝ հոգեբույժների մշտական հաճախորդների վերածվելու տխուր հեռանկարը: Մեր բուժսպասարկման պայմաններում, իրոք, նշածս մասնագետներն ապահովագրված են գործազրկությունից:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ